Երեւանում, մայիսի 6-8-ը տեղի կունենա Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարության կողմից:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կմասնակցեն խմբի անդամ 25 երկրների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցները եռօրյա քննարկումների ընթացքում կանդրադառնան հետեւյալ թեմաներին.
- կոնվենցիայի կիրառման շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները,
- ազգային լավագույն փորձի փոխանակում,
- համագործակցության նոր հեռանկարներ:
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:
Բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը 09:30-ին «Անի Պլազա» հյուրանոցի «ԱՆԻ» սրահում:




























