ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրները եւ Գերմանիան ներկայացնող փորձագետները մայիսի 5-ին Նյու Յորքում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրանցի գործընկերների հետ մեկշաբաթյա խորհրդակցություններ են սկսում:
Մինչեւ հուլիսի 20-ը, համաձայն նախնական պայմանավորվածության, Իրանի հետ` միջուկային ոլորտում այդ երկրի գործողությունների սահմանափակմանն ուղղված երկարաժամկետ համաձայնագիր պետք է մշակվի: Փորձագետների մակարդակով խորհրդակցությունները մայիսի 13-ին Վիեննայում կայանալիք Իրանին առնչվող հարցերի շուրջ նախարարական հանդիպմանն ընդառաջ են կազմակերպվում:
Նախօրեին Թեհրանը հայտարարել էր, թե համաձայն է ընթացիկ շաբաթվա օրերին թույլատրել միջազգային տեսուչները այցը Իրան: Ակնկալվում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները մայիսի 5-ին եւ 6-ին ուրանի խտանյութի արտադրության գործարան եւ Յեզդ նահանգում գտնվող ուրանի հանքավայր կայցելեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Արեւմտյան երկրները Իրանին միջուկային զենքի ստեղծմանն ուղղված փորձեր իրականացնելու մեջ են կասկածում, սակայն Թեհրանը հերքում է մեղադրանքները` պնդելով, թե իր մշակումները բացառապես խաղաղ բնույթ են կրում:




























