Մայիսի 5-ին Ուկրաինայի Խարկովի մարզից Սլավյանսկ տանող ճանապարհի վրա` քաղաքի եզրագծին կառուցված անցակետի մոտ փոխհրաձգություն է սկսվել, որի արդյունքում յոթ ուկրաինացի ուժայիններ վնասվածքներ են ստացել, հաղորդում է TCH գործակալության թղթակիցը:

Վնասվածքների լրջության մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել. ներկայումս տեղանք են ժամանել շտապ օգնության մեքենաներ: Միեւնույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրին գտնվող հեռուստաաշտարակի մոտ սկսված փոխհրաձգությունը ուկրաինական զինվորականների կողմից օբյեկտի գրավմամբ է ավարտվել:

Ինչպես ռուսամետ ակտիվիստներն են հաղորդում, հրաձգության արդյունքում նրանց կողմից եւս յոթ մարդ ծանր վնասվածքներ է ստացել:

Մեկ այլ հաղորդմամբ, Լուգանսկում ռուսամետ ուժերը ՆԳՆ քաղաքային վարչության ուղղությամբ գրոհ են մեկնարկել եւ ստորաբաժանման ղեկավարին պատանդ վերցրել:

Ըստ ՈւՆՆ գործակալության փոխանցած տեղեկությունների, վերջինիս նկատմամբ ակտիվիստները ուժ են կիրառել: