Հովիկ Աբրահամյանը օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ է, իսկ նոր նշանակված նախարարները վարպետ ավազակներ են: Կառավարության նոր կազմի մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
«Նախարարների մեջ ամենալավն այս պահին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է: Եթե Աշոտյանը մի կողմ դներ կուսակցական գործունեությունը եւ ուսումնական հաստատությունները կարողանար զերծ պահել կուսակցական քարոզչությունից, ապա շատ լավ նախարար կլիներ, իսկ բոլորի մեջ ամենալավն էլ ինքն է: Նոր նախարարները բոլոր այն վարպետ ավազակներն են, որոնք տարբեր տեղերում մեծ գումարներ դիզեցին եկան որ նորից դիզեն: Ասեմ անուններ` Գագիկ Խաչատրյան, որին ոնց որ գառների վրա գայլ նշանակեին, Երվանդ Զախարյան: Կարող է լավ կառավարիչներ են, բայց նաեւ շատ անազնիվ մարդիկ են, իսկ իշխանությունը վերարտադրվելու համար այսպիսի պահանջարկ կա: Ինչ վերաբերվում է Հովիկ Աբրահամյանին, ապա օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ է: Հուսանք` ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին: Կառավարության ամբողջական կազմը հայտնի դարձավ միայն մայիսի 3-ին: 18 նախարարներից ինը փոխվեցին, իսկ մյուսները վերանշանակվեցին:




























