Եվրասիական անվտանգության հայեցակետը հետխորհրդային տարածքում նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ է պարունակում, օրինակ`«գունավոր հեղափոխությունների» տեսքով: Այս մասին մայիսի 5-ին «Համատեղ ինքնապաշտպանություն. քաղաքական խնդիրներ եւ իրավական ասպեկտներ» գիտա-պրակտիկ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցին հայտարարել է ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող, Համալսարանական լիգայի գործադիր տնօրեն Իգոր Պանարինը:
Նա նշել է, որ ապրիլի 29-ին ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամների եւ կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել, որտեղ ի մի են բերվել նախորդ տարվա արդյունքները եւ գնահատվել գործունեության հետագա հեռանկարները: «Նախ, ողջ իրականացված աշխատանքը` 12 կլոր սեղան, 7 միջազգային համաժողով, վերլուծական նյութեր, բավարար է ճանաչվել, ապա եւ բոլորի կողմից ընդունվել է, որ ՀԱՊԿ-ի համար արդեն իսկ բնութագրական խնդիրներին զուգահեռ, այն է` ռազմական անվտանգություն, ռազմական ագրեսիայի դիմակայման նպատակով խմբավորումների ձեւավորում, նարկոթրաֆիկի, անօրինական ներգաղթի դիմակայություն, խնդրահարույց է դառնում նաեւ տեղեկատվական ոլորտը»,- ընդգծել է Պանարինը` հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի վերջին Մոսկվայում ոլորտի խնդիրների շուրջ հատուկ միջոցառում անցկացնել:
«Մերձավոր Արեւելքի եւ Ուկրաինայի իրադարձությունները վկայում են, որ սոցցանցերը եւ բլոգների ոլորտը հաճախ ներքաղաքական իրադրության ապակայունացման եւ նույնիսկ` երկրների պետական կառույցի քայքայման նպատակով են կիրառվում: Ուրեմն իհարկե` չենք կարող անմասն մնալ թեմայից եւ պետք է դիմակայման տեխնոլոգիաներ մշակենք»,- ասել է Իգոր Պանարինը: Մի կողմից, նրա խոսքով, դա այնքան էլ ռազմա-քաղաքական կազմակերպության գործը չէ, սակայն մյուս կողմից էլ, ՀԱՊԿ-ը չի կարող անտեսել այն լուրջ սպառնալիքները, որոնք երիտասարդությանը, ինչպես Մերձավոր Արեւելքի եւ Ուկրաինայի իրադարձություններն են ցույց տալիս, գործիք են դարձնում պետական հեղաշրջում իրականացնելու համար: «Ուստի առաջարկում ենք առավել հաճախ տեղեկատվական-բացատրական միջոցառումներ ինչպես նաեւ տարբեր ԲՈւՀ-երի միջեւ դասախոսական անձնակազմի եւ ուսանողների փոխանակում կազմակերպել»,- մեկնաբանել է Պանարինը:
Նա նաեւ հավելել է, որ համաժողովն առաջին հենակետն է հանդիսանում` ապրիլի 22-ին հիմնված Համալսարանական լիգայի գաղափարների հստակեցման ուղղությամբ: Հիշյալ լիգային հայկական բուհերից երեքն են մասնակցում` ԵՊՀ-ն, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը եւ նախագահին կից Կառավարման ակադեմիան:



























