Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա գլխավորած արդարության եւ զարգացման կուսակցությունը հույս ունեն որոշակի բարեփոխումների միջոցով խուսափել մամուլի ազատության, դատական համակարգի խիստ վերահսկողության եւ մարդու իրավունքների այլ խախտումների առնչությամբ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների քննադատությունից, գրում է թուրքական «Today's Zaman»-ը:
Հրատարակչությունը բարեփոխումների շարքում նշում է հայկական եւ կիպրոսյան հարցով առաջխաղացումը, ինչպես նաեւ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը` նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Ըստ ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Ֆարուք Լոգօղլուի` Էրդողանը մտածում է, թե ինչպես լուծել Կիպրոսի հարցը՝ անկախ Թուրքիայի եւ կիպրոսցի թուրքերի շահերից: «Հաջորդը հայկական հարցն է: Էրդողանն արդեն ցավակցել է հայերին` այդպիսով ներողության ճանապարհ նախապատրաստելով»,- կարծում է քաղաքական գործիչը: Ըստ նրա` այդ ամենը տեղի կունենա մինչեւ 2015թ. ընտրությունները:
Հրատարակչությունը գրում է, թե որոշ փորձագետներ կարծում են, որ Կիպրոսի, հայերի հարցի եւ Իսրայելի ուղղությամբ դրական քայլերը կնպաստեն Արեւմուտքի կողմից քննադատության մեղմացմանը: Թերթի աղբյուրը նշում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն հետեւյալ կերպ է իրեն պահում. «Մենք կխոսենք մեր պահանջների մասին, սակայն եթե Թուրքիայոմ տեղի է ունենում ունիվերսալ արժեքներին անհամապատասխան որեւէ բան, մենք կարտահայտենք մեր կարծիքը»: Հոդվածում նշվում է, որ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ գրել էին, որ ապրիլի 24-ին Էրդողանի հայտարարությունը գրվել էր ԱՄՆ-ի կառավարության հետ համատեղ:
Հայերին ուղղված պատմական ուղերձից հետո Էրդողանը լրագրողներին հայտնել էր նաեւ Մերձավոր Արեւելքում հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին՝ 2014-2015թթ. Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորելու մասին հույս հայտնելով:
Հոդվածում նաեւ հիշեցվում է, որ փետրվարին վերսկսվել էին Կիպրոսի թուրքական եւ հունական հատվածների առաջնորդների խաղաղ բանակցությունները, եւ ամերիկացի դիվանագետները ակտիվ աշխատել էին դրանք վերսկսելու ուղղությամբ:


























