Լիբիայի խորհրդարանը վերջնականապես Ահմեդ Մայթիգին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում: Համընդհանուր ազգային կոնգրեսի նիստում կոնգրեսի նախագահը ստորագրել է միսուրաթցի գործարարին Լիբիայի կառավարության ղեկավար նշանակելու վերաբերյալ հրամանագիրը:
Այդպիսով, այժմ Մայթիգը պաշտոնապես կարող է ստանձնել պաշտոնը եւ ձեռնամուխ լինել կառավարության ձեւավորմանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Sky News Arabia-ն:
Հիշեցնենք, մայիսի 4-ին մի քանի անհաջող քվեարկություններից հետո Ահմեդ Մայթիգը ընտրվել էր նոր վարչապետ` առաջ անցնելով իր միակ մրցակից Բենգազիից գիտնական Օմար ալ Հասիից:
Սակայն ուշ երեկոյան հայտնի էր դարձել, որ քվեարկությունն անվավեր է ճանաչվել, քանի որ քվորում այդպես էլ չէր եղել, իսկ մի քանի ձայն էլ սխալ էին հաշվել:




























