ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն առաջարկել է միավորել Ճարտարի երկու համայնքները: Այս մասին նա նշել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է տեղի բնակչությանը եւ որոշ ծրագրեր քննարկել:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը ներկայացրել է «Ճարտարի զարգացման» հիմնադրամի մի շարք ծրագրեր, որոնք նախատեսվում են իրագործել գյուղի ռուսաստանաբնակ բարերարների ֆինանսավորմամբ: Ըստ նրա՝ հիմնադրամը, բարեգործ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ, պատրաստվում է կառուցել գյուղի ջրամատակարարման միասնական համակարգը, խճապատել ներհամայնքային ճանապարհները, կառուցել եկեղեցի, ինչպես նաեւ վերանորոգել եւ վերազինել հիվանդանոցը: Վարչապետը հավելել է, որ նախատեսվում է հիմնադրամի ու կառավարության միջոցներով նոր ներդրումային ծրագրեր իրագործել՝ տեղում տնտեսական ակտիվություն ապահովելու համար:
Կառավարության ղեկավարը բնակիչներին ներկայացրել է նաեւ Ղուզե Ճարտար եւ Ճարտար համայնքների՝ մեկ համայնքում միավորման առաջարկ: Ա. Հարությունյանը, առաջարկը հիմնավորելով կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, նշել է, որ այդ հարցը պետք է որոշվի երկու համայնքներում կազմակերպվելիք հանրաքվեի արդյունքներով, ինչպես նախատեսված է օրենքով: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հանդիպմանը ներկա մի շարք պատգամավորներ եւ գյուղի բարերարները եւս կոչ են արել բնակիչներին կողմ քվեարկել համայնքների միավորմանը:
Այցի ընթացքում վարչապետը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ բարեգործների ուղեկցությամբ, շրջել է գյուղում՝ կառուցվելիք եկեղեցու տեղանքը որոշելու նպատակով:




























