Անհնար է կրկնել 1990-ականների իրավիճակի կրկնությունը, երբ Հայաստանի ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական ինտեգրումը տեղի էր ունենում Մոսկվայի հետ, իսկ տնտեսական քաղաքականությունն ընթանում էր որքան հնարավոր է ԵՄ-ի հետ մերձենալու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, «Հավաքական ինքնապաշտպանություն. Քաղաքական խնդիրներ եւ իրավական ասպեկտներ» միջազգային գիտապրակտիկ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Սարգսյանը՝ հանդես գալով «ՀԱՊԿ դերը Հայաստանի եւ ԼՂՀ-ի անվտանգության ապահովման գործում» զեկույցով:

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս փոխվել է Ռուսաստանի դերն աշխարհում, փոխվել է ինքը՝ Ռուսաստանը եւ Հայաստանի տեղը համաշխարհային համակարգում: «Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդումն ընկալում էր որպես եւս մեկ քայլ կոմպլեմենտարիզմի  ճանապարհին, իսկ Ռուսաստանը՝ որպես քայլ դեպի շարժասանդուղք, որը Հայաստանին կտաներ ու դարձներ Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցների սերտ դաշնակիցներից մեկը: Իսկ հիմա Ռուսաստանն արդեն ընդունում է իր հարաբերությունների ողջ բլոկը որպես մեկ ամբողջություն՝ տնտեսական, ռազմական, քաղաքական»,-ընդգծել է Սերգեյ Սարգսյանը:

Նա նաեւ հավելել է, որ ուշադիր կարդալով Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը, չի կարելի չնկատել, որ այնտեղ հստակ ասվում է, որ Մոսկվան բոլոր երկրների հետ իր կարաբերությունները կկառուցի ՀԱՊԿ-ի եւ ՌԴ կողմից ղեկավարվող տնտեսական նախագծերի պրիզմայով դիտարկելով: