Առաջին անգամ Երեւանի վարչական շրջանների եկամուտների հավաքագրման կատարողականը գերազանցել է 100 տոկոս ցուցանիշը: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:
Ըստ այդմ, վարչական շրջանների մասով, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոսը:
«10 տարվա ընթացքում առաջին անգամ է, երբ տարեսկզբից սկսած 4 ամիս անընդմեջ սեփական եկամուտների հավաքագրման մասով բյուջեի կատարողականն անցնում է 100 տոկոսի շեմը: Սա կարեւոր ձեռքբերում է, եւ մինչեւ տարեվերջ պետք է շարունակենք հետեւողական աշխատանք տանել՝ տարին լավագույն ցուցանիշով ավարտելու համար: Բայցեւ մտահոգիչ է, որ մեկ վարչական շրջան չի կարողանում կատարել իր առջեւ դրված խնդիրը: Պետք է լինել ավելի խիստ եւ պահանջկոտ: Ընդամենը մեկ ամսից կիսամյակ ենք ամփոփելու, ուստի պետք է հետեւություններ անեք եւ անհրաժեշտության դեպքում նախաձեռնեք համապատասխան փոփոխություններ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:



























