Երեւանում շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ պայմաններ ապահովելու վերաբերյալ կառուցապատող շուրջ 100 կազմակերպության գրավոր նախազգուշացումներ են ուղարկվել: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:
Բացի այդ, թերացողների նկատմամբ կազմվել է 18 արձանագրություն: Հանձնարարվել է ձեւավորել համապատասխան աշխատանքային խմբեր եւ առավել ուժեղացնել իրականացվող հսկողությունը:
«Վերջին երկու տարիների ընթացքում մայրաքաղաքում ձեւավորված նոր մշակույթի համաձայն՝ շինհրապարակները սահմանազատվում են պաստառներով: Այս մոտեցումը պետք է կիրառվի թե՛ մեծ եւ թե՛ փոքր մասշտաբի շինարարությունների դեպքում, ընդ որում՝ ոչ թե ձեւական բնույթ պիտի կրի, այլ լիարժեք ծառայի իր նպատակին: Այսինքն, խոշոր շինհրապարակը պետք է սահմանազատվի ոչ թե փոքր պաստառապատնեշով, որն, ըստ էության, չենք կարող սահմանազատում համարել, այլ խոշոր պաստառաշերտով, ինչպիսիք կիրառում են մեր որոշ բարեխիղճ կառուցապատողներ: Սա կարեւոր է ինչպես քաղաքացիների անվտանգության ու մայրաքաղաքի արտաքին տեսքի ապահովման, այնպես էլ էկոլոգիական տեսանկյունից: Սույն նորմի պահպանումը պետք է դառնա պարտադիր պայման նաեւ շինթույլտվություններ տրամադրելիս»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել խստորեն վերահսկել շինհրապարակների կազմակերպման նորմերի պահպանման գործընթացը:



























