Կառավարության նոր ծրագրին դեմ կքվեարկեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», իսկ ԲՀԿ-ի մասին կանխատեսումներ հնարավոր չէ անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե կառավարության ծրագրի շուրջ քննարկումներն ու քվեարկությունն առանցքային է լինելու «հրաշալի քառյակի» համար:
«Ելնելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունից եւ չորս ուժերի տարբեր հայտարարություններից՝ կարելի է ասել, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկեն այդ ծրագրին կամ կբոյկոտեն, չեն մասնակցի, քանի որ վարչապետի փոփոխությունը ոչինչ չբերեց, նույն իշխանությունն է: Չեմ կարող կանխատեսել ԲՀԿ-ի քայլերը, քանի որ ԱԺ նախագահի ընտրությունն ապացուցեց, որ այս կուսակցությունում պատգամավորները բաժանվել են գործարար եւ քաղաքական դեմքերի: Դրա համար ԲՀԿ-ի դիրքորոշումը կիմանանք միայն քվեարկության օրը»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք կառավարության ծրագրի քվեարկությունն առանցքային է լինելու քառյակի համար, փորձագետը պատասխանեց. «Քառյակն այս պահին դեռ կա, սակայն ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ամեն դեպքում քառյակի համագործակցությունը միայն խմբակցությունների ֆորմատով է, այս դեպքում էլ համագործակցությունը չենք տեսնում, քանի որ նրանց առաջարկած եւ ոչ մի նախագիծ չի անցնում»:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 30-ին խորհրդարանում հայտարարել էր, որ կառավարության նոր ծրագիրը կներկայացվի մայիսին: Ըստ օրենքի՝ ծրագիրը պետք է ներկայացվի 30-օրյա ժամկետում:




























