Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության մասին կարող են խոսել միայն մեկ դեպքում՝ երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հայտարարությունը:

Զոհրաբյանի խոսքով՝ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավոր չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. «Հարաբերությունները կարգավորելու եւ երկխոսություն սկսելու փորձն առանց ցեղասպանության ճանաչման անիմաստ է: Եթե Թուրքիան իսկապես արդար է իր գործողություններում, պետք է իր մեջ ուժ գտնի ճանաչել պատմական փաստերը: Ընդ որում՝ աղավաղելով պատմական փաստերը եւ իրերն իրենց անուններով չանվանելով՝ Թուրքիան չի կարող բանակցությունների սեղանի շուրջ նստել: Մնացյալը, ինչ-որ կասվի Թուրքիայի ղեկավարության կողմից, որն ավելի մեղմ միջոցներով է շարունակում ցեղասպանությունը, առիթ չի դառնա հայ-թուրթական հարաբերությունների կարգավորման համար»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես հայտարարել է. «Վեճն այն մասին, թե ինչու եւ ինչպես է տեղի ունեցել հայկական ողբերգությունը, ցավոք, այսօր շարունակում է տանջել թուրքերին եւ հայերին: Հանրային եւ ազգային հիշողությունները ցավի, տանջանքների, զրկումների եւ նշանակալի մահերի մասին շարունակում են հայ եւ թուրք ժողովուրդներին պահել հեռավորության վրա: Ազգային հիշողությունները կարեւոր են: Սակայն մի՞թե չեն կարող թուրքական եւ հայկական մեկնաբանությունները մոտ դառնալ, մի՞թե չի կարող «արդար հիշողություն» ծագել: Հավատալով, որ դա տեղի կունենա, Թուրքիան առաջարկել է  ստեղծել թուրք եւ հայ պատմաբանների համատեղ հանձնաժողով 1915թ.-ի իրադարձությունների հետազոտման համար: Հանձնաժողովի եզրակացությունները, եթե այն ստեղծվի, կհանգեցնեն ողբերգական շրջանի ավելի լավ ընկալման եւ հույս ունեմ, կօգնեն կարգավորել մեր հարաբերությունները»: