Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 28-ամյա Արշակ Հ.-ն մեղադրվում է ապօրինի ծառահատումներ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 7-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Արշակը «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի տարբեր մասերում կատարել է ապօրինի ծառահատումներ՝ պետությանը պատճառելով ընդհանուր առմամբ 1 մլն 112 հազար դրամ նյութական վնաս: Կանգուն ծառերը հատելու համար Արշակը մեկ գառ եւ 30 հազար դրամ կաշառք է տվել ՊՈԱԿ-ի տվյալ տեղամասի տեսուչ Մարինե Պ.-ին:
Արշակ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 200-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջինը նախատեսում է կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Երկրորդը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:




























