Երեւանում ընթանում է Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի երկրների  ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ հանդիպումը:

Ամենամյա հանդիպումը կտեւի երեք օր: Նախորդ տարի հանդիպումը Խորվաթիայում էր:

Մասնակցում են 23 երկրների ներկայացուցիչներ: Ադրբեջանը չի մասնակցում եւ այդ առթիվ որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել:

Լրագրողների հետ զրույցում  Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի ղեկավար Սամվել Մկրտչյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ քիմիական զենքի արգելքի գործում Կազմակերպության դերն աճել է: Սա առաջին հերթին կապված էր Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հետ:

«Քիմիական զենքի կոնվենցիան ուղղված է զանգվածային ոչնչացման զինատեսակներից մեկի վերացմանը: Ոչ միայն կիրառման եւ արտադրման արգելք, այլեւ եղած պաշարների ոչնչացում: Ուշագրավ է, որ եթե մի քանի տարի առաջ կարծում էին, որ բոլոր պաշարների մասին տեղյակ են, ապա այժմ պարզվեց, որ դա այդպես չէ. քիմիական զենք հայտնաբերվեց Սիրիայում, Լիբիայում», - նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ հումանիտար գործունեության համար Կազմակերպությունը նախորդ տարի Նոբելյան մրցանակ է ստացել:

Հանդիպման մասնակիցները կքննարկեն առկա խնդիրները եւ դրանց լուծման համատեղ ուղիները, փորձի փոխանակման հնարավորությունը, տարածաշրջանային համագործակցության հաստատման հարցը: