Հովիկ Աբրահամյանը գիտի իրականությունը, երկնքում չի սավառնում եւ կարող է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այս մասին այսօր` մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Տուր իշխանություն, փորձիր վստահել: Հովիկ Աբրահամյանին ճանաչում եմ երկար տարիներ, ես իր հետ աշխատել եմ, երբ նա մարզպետ էր եւ պետք է հստակ զատել մարդուն, որը գիտի իրականությունը: Նա երկնքում չի սավառնում, գիտի երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ կարող է դրանք լուծել»,- ասաց նա:

Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ նոր կառավարությունը կկարողանա լուծել բոլոր խնդիրները եւ հնարավորություն կունենա` ապահովելու տնտեսության աճը: Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այլ կարծիքի է: Նրա խոսքով` նոր կառավարության գրեթե բոլոր անդամները նախկինում էլ են աշխատել եւ նրանց բոլորի հնարավորությունների մասին արդեն հասարակությունը գիտի:

«Կառավարության կազմում այնպիսի մարդիկ են, ում մենք նախկինում տեսել ենք: Եթե խոսենք այս կառավարության եւ Սերժ Սարգսյանի դրված պահանջների համաչափության մասին, ապա կարող եմ ասել, որ մեծ հույսեր չունեմ:

Նախ տնտեսական աճի մասին, նշանակված նախարարներից շատերը գործարարներ են, օրինակ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը, ես թերահավատ եմ, որ խաղի կանոնները կփոխվեն:

Երկրորդը ներդրումներ են պահանջվում, սակայն մենք այնպիսի արտաքին քաղաքականություն ենք վարում, որ դժվար թե մեկը համաձայնվի մեզ մոտ ներդրումներ անել:

Բարեփոխումների շարունակական ապահովում եւ վստահության ավելացում. կրկին թերահավատ եմ, քանի որ բարեփոխումների ապահովում չեմ կարող սպասել մի թիմից, որը նախկինում եղել է: Օրինակ Դավիթ Հարությունյանը երկար տարիներ եղել է արդարադատության նախարար, եւ նրան պետք է վերագրել արդարադատության բարեփոխումները, ապա բոլորիս պարզ է, թե ինչպիսի արդարադատության համակարգ ունենք»,- նշեց նա:

Անդրադառնալով Մկրտիչ Մինասյանի հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանին որպես տարածքային կառավարման նախարար, բարեփոխումներ է արել, Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ տարածքային կառավարում պարզապես Հայաստանում գոյություն չունի:

«Նույնիսկ Երեւանում տարածքային կառավարում չկա, ուր մնաց մարզերում»,- նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին: Արդեն հայտնի են բոլոր նախարարների անունները: Նրանցից ինը նոր անուններ են: