Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանին զարմացնում է ԲՀԿ-ի սարքած քաղաքական շոուն ԱԺ նախագահի ընտրությունից հետո:
«Զարմանում եմ, որ որոշ ուժեր մասնակցում են ԱԺ նախագահի ընտրությանը, կողմ քվեարկում Գալուստ Սահակյանին, իսկ հետո քաղաքական շոու են սարքում, հայտարարում, թե ընտրությունները կեղծ են եղել: Հայտարարում եմ, որ կեղծիքներ չեն եղել, 101 պատգամավոր կողմ է քվեարկել: Կողմ քվեարկածների մեջ են նաեւ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն»,- ասաց նա:
Մկրտիչ Մինասյանը հարց է ուղղում «Բարգավաճ Հայաստանին», թե այդ դեպքում ինչու հենց հաջորդ օրն էլ կողմ քվեարկեցին Հովհաննես Սահակյանի թեկնածությանը:
«Կամ թող այս նույն մարդիկ բողոքարկեին, հաջորդ օրն էլ չքվեարկեին Հովիկ Սահակյանի օգտին»,- ավելացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն էլ հայտարարեց, որ իսկապես զարմանալի չէր ԲՀԿ-ի նման քայլը:
«Նրանք երբեք էլ չեն ասել, թե ընդդիմություն են, այնպես որ զարմանալի չէր նմա պահվածքը»,- ասաց նա:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ է ընտրվել ապրիլի 29-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























