Քաղաքական գորիչ Անաստաս Միկոյանի արձանը պետք է տեղադրվի Երեւանի կենտրոնում, քանի որ նա կառուցել է Սեւանի թունելը: Այս մասին այսօր` մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Անաստաս Միկոյանը Հայաստանի համար լավ բաներ է արել, օրինակ Սեւանի թունելը քի՞չ է: Իսկ մնացած փաստաթղթերի եւ մեղադրանքների վերաբերյալ ասեմ, որ նա ապրել է այնպիսի ժամանակաշրջանում, որ չէր կարող շրջանցել այդ ամենը»,- ասաց նա:

NEWS.am-ի հարցից` արդյոք ճիշտ է տեղադրել այն մարդու արձանը, որը կողմ էր Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուն, Մկրտիչ Մինասյանը սրտնեղեց. «Ես իմ կարծիքն եմ ասում, որ պետք է տեղադրվի, նա մեծ քաղաքական գործիչ է, Հայաստանի համար շատ բան է արել»:

Իսկ թե կոնկրետ ինչ «լավ» բաներ է արել Հայաստանի համար, ՀՀԿ-ականը դժվարացավ պատասխանել:

Լրագրողների հարցին, թե տարիներ հետո ՀՀԿ-ականներից ում արձանը կտեղադրվի, պատգամավորն ընդգծեց. «Պետք է տեղադրվի այն մարդու արձանը, որը լավ բան է արել գիտության, արվեստի եւ արդյունաբերության մեջ, ում գործն անգնահատելի է»:

Չնայած աղաղակող փաստերին եւ բարձրացված աղմուկին` Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ արձանն ամեն դեպքում տեղադրվելու է:

Նշենք, որ արձանը տեղադրվելու է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում, իսկ նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետն է` Տիգրան Բարսեղյանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am