«Ժառանգություն» կուսակցություն-Գալուստ Սահակյան մենամարտը նորանոր դրսեւորումներ է ստանում: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրեց արտգործնախարար եղած ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանին «ստախոս զրպարտիչ» անվանեց:
Գալուստ Սահակյանը հուլիսի 31-ին «Ռադիոհայի» եթերում հայտարարել էր, թե 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է եղել ԼՂՀ անկախության ճանաչմանը` Հելսինկյան Եզրափակիչ ակտի 10 հայտնի սկզբունքները եւ ԵԱՀԽ փաստաթղթերը վավերացնելու պատճառով:
«Ժառանգությունն» այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է.
ա) Րաֆֆի Հովհաննիսյանի պետական ու հանրային ծառայության արձանագրություններն են վկայում, որ չի եղել դիվանագիտական որեւէ հանդիպում կամ ելույթ, որտեղ նա հիշատակած չլինի ԼՂ ինքնորոշման հիմնարար իրավունքը կամ պահանջած չլինի միջազգային օրենքի հիման վրա ԼՂՀ անկախության ճանաչումը:
բ) Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՂՀ անկախության ջատագովն է ի սկզբանե, ինչի մասին վկայում է կցված` «ԼՂՀ անկախությունը ճանաչելու 5 հիմնական պատճառները» փաստաթուղթը, որի անգլերեն բնօրինակը միջազգային հանրության եւ կազմակերպությունների համար 1992թ. օգոստոսին պատրաստեց նրա ղեկավարած ԱԳՆ-ը եւ տարածեց Հովհաննիսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում:
«Ակնհայտորեն` Գալուստ Սահակյանը ոչ միայն տեղյակ չէ 1991-92թթ. անցուդարձից, այլեւ ի զորու չէ հասկանալ իր ստերի դեմ բերված փաստական հիմնավորումները: Այլեւս իրեն որեւէ կերպ օգնել չենք կարող եւ ակնակալում ենք, որ ՀՀԿ տեղեկացված նրա կուսակցական ընկերները կկարողանան բացատրել, որ թեմայի արծարծման շարունակումը բացառապես խայտառակում է կուսակցությանը: Հատկապես` երբ նա իր ստերը հիմնավորելու նպատակով ժամանակ առ ժամանակ հիշատակում է երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի անունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը վերաբերում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 1991-92թթ. պետական երբեմնի դիրքորոշումը կուսակցական ու պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից միտումնավոր ու շարունակաբար կեղծելուն` Հանրապետական նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրելու տղամարդկություն կունենա՞ Գալուստ Սահակյանի հերթական սուտասանության եւ „Ռադիոհայ“-ի առթիվ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:



















