Երեւանի տաքսիստները վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են ժամկետանց տուգանքներին ավելացված տույժերը դուրս գրել: Այս մասին մայիսի 6-ին լրագրողներին հայտնել է «Վարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ, 2013թ. ապրիլ ամսին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բաղդասարյանը տաքսիստների լիցենզավորման կարգի պարզեցման, մասնավորապես` դեղին պետհամարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելու մասին էր հայտարարել:
«Հենց այդ կտրոններն էլ չար կատակ խաղացին մեզ հետ: Բոլոր տաքսիստները սկսեցին համարանիշները դրանցով փոխարինել: Բայց համարները վերցնելուց հետո կտրոն այդպես էլ չտվեցին: Իսկ մի որոշ մասն էլ դեղին համարներով մնաց եւ շարունակում է տուրքեր վճարել: Իսկ թե չէր կարող վճարել` պարտքեր կուտակվեցին: Հիմա նրանց նկատմամբ եւ տուգանքներ, եւ տույժեր են հաշվարկվում: Իսկ մի մասը ոչինչ չի վճարում` առանց որեւէ հետեւանքի: Որտե՞ղ մնացին հավասար պայմանները: Թող նրանց համար, ովքեր բարեխղճորեն աշխատել են հարկային դաշտում, եթե ոչ տուգանքները, ապա գոնե տույժերը դուրս գրվեն»,-ընդգծել է Հովհաննիսյանը: Հակառակ դեպքում ստացվում է` անօրինական տաքսիստներն ավելի ձեռնտու իրավիճակում են հայտնվել, հավելել է նա:


























