Պետեկամուտների կոմիտեի` ֆինանսների նախարարության հետ միավորման համար հենց իրենք` Արժույթի Միջազգային Հիմնադրամը եւ Համաշխարհային Բանկն էին լոբբինգի դիմում: Մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով, համաձայն աշխարհում ընդունված մոդելի, երկրի պետական կառույցի ծախսերն ու հավաքագրումները «մեկ կտուրի տակ» են աշխատում: «Այնպես որ, պետեկամուտների կոմիտեի` ֆինանսների նախարարության հետ միավորումը հենց իրենց` արեւմտյան ֆինանսական կառույցների երկարամյա աշխատանքի արդյունքն են: Թե ինչու են հիմա դժգոհ` պատկերացում չունեմ: Չնայած կարող եմ ենթադրել: Բայց խոսքը միայն ենթադրության մասին է, որ դեռեւս չեմ ցանկանում բարձրաձայնել»,- ընդգծել է փորձագետը:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է, թե իր ունեցած հավաստի տեղեկություններով, ԱՄՀ եւ ՀԲ հայկական ներկայացուցչություններում պետեկամուտների կոմիտեի` ֆինանսների նախարարության հետ միավորումը չափազանց բացասական արձագանք է ստացել: Վերոհիշյալ միջազգային կառույցների ներկայացուցիչները մտահոգ են, որ այդ միավորման արդյունքում բյուջետային պլանավորման, միջոցների հավաքագրման եւ ծախսման հակակշիռների մեխանիզմները կդադարեն գործել, ինչը կտրուկ կնվազեցնի պետական կառավարման արդյունավետությունը:




























