«Հայբիզնեսբանկը» գերմանական «Deutsche Bank»-ի կողմից ճանաչվել է միջազգային դոլարային փոխանցումների գծով ավտոմատացված գործընթացում (STP) 99,63% բացառիկ որակ ապահովող բանկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայբիզնեսբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից, 2013թ. բացառիկ որակ ապահովելու գերազանցության մրցանակը «Հայբիզնեսբանկին» է շնորհել «Deutsche Bank»-ի ԱՊՀ երկրների եւ Վրաստանի պատասխանատու ներկայացուցիչ Թիմ Սփայսերը, ով օրերս հյուրընկալվել է գլխամասային գրասենյակում։

«Հեղինակավոր բանկի կողմից «Հայբիզնեսբանկին» շնորհված միջազգային մրցանակը վկայում է աշխատակիցների պրոֆեսիոնալ եւ հմուտ մոտեցումը, ինչը նաեւ պարտավորեցնում է ապագայում էլ ապահովել ծառայությունների մատուցման որակի ու գրավչության բարձր մակարդակ»,- նշել է Բանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկն» ունի թղթակցային ցանցի բավականին լայն աշխարհագրություն, ինչի շնորհիվ բանկի հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել դրամական փոխանցումների ծառայությունների համեմատաբար ցածր սակագներից, ինչպես նաեւ արագ եւ որակյալ սպասարկումից: