Հունվար-մարտին Հայաստան է ներմուծվել ավելի քան 11,3 հազար մարդատար ավտոմեքենա: Դա 3,6 միավորով կամ 46,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Միաժամանակ մարդատար մեքենաների միջին մաքսային գինը նվազել է 535 դոլարով՝ հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 6182 դոլար՝ մեկ մեքենայի համար:
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին մարդատար մեքենաների տեսակարար կշիռը ընդհանուր մեքենաների խմբում կազմել է 96 տոկոս: Նշենք, որ մեկ տարում այդ ցուցանիշը աճել է 3,1 տոկոսով: Այլ տեսակի ավտոմեքենաների (բեռնատար, միկրոավտոբուս եւ այլն) ներմուծումը կրճատվել է 119 միավորով:
Մեքենաների ընդհանուր խմբում, մաքսային արժեքի տարբերակված մակարդակներում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Աճել են ցածր գին ունեցող մեքենաների (մինչեւ 5 հազար դոլար արժողությամբ) մաքսատուրքը եւ համապատասխանաբար նվազել է թանկարժեք մեքենաների մաքսատուրքը:
Մեկ տարում առավել բարձր աճ է գրանցվել համեմատաբար ցածր մաքսային արժեք ունեցող մեքենաների ներմուծման մեջ. Մինչեւ 5 հազար դոլար արժողությամբ մեքենաների ներմուծումն աճել է մոտ 1,5 անգամ, 5-10 հազար դոլար արժողությամբ մեքենաներինը՝ ավելի քան 1,6 անգամ:
Ընդհանուր առմամբ՝ 2001-ից մինչեւ այս տարվա առաջին եռամսյակ, Հայաստան է ներմուծվել ավելի քան 324,3 հազար ավտոմեքենա:
Մեքենաների վերանորոգման եւ սպասարկման ոլորտի զբաղվածության տեսանկյունից մեքենաների թվի աճը երկրում դրական է: Միաժամանակ նվազում է ծանրաբեռնվածությունը հանրային տրանսպորտում: Բացասական կողմերը եւս ակնհայտ են. վթարների աճ հանրապետության ճանապարհներին, օդի աղտոտվածության աճ եւ այլն:
Բացի այդ, մեքենաների թվի աճը էլ ավելի է մեծացնում երկրի կախվածությունը մի շարք ապրանքների ներմուծումից, դրանով նպաստելով արտաքին առեւտրի շրջանառությունում բացասական սալդոյի մեծացմանը:
Օրինակ, Հայաստանում ռուսական գազի սպառման 1/3-ը բաժին է ընկնում գազալցակայաններին: Մաքսատան տվյալներով՝ հաշվետու եռամսյակում ռուսական գազի ներմուծումը աճել է մոտ 98,7 մլն խմ-ով, կամ 13,2 տոկոսով: Միաժամանակ, կրճատվել է նավթամթերքների ներմուծումը ավելի քան 16,2 հազար տոննայով կամ 21,7 տոկոսով:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեքենաների համար նախատեսված բենզինի ներմուծումը նվազել է 2 հազար տոննայով, իսկ դիզելային վառելիքինը՝ ավելի քան 5 հազար տոննայով: Սրանից հետեւում է, որ վարորդները զանգվածաբար անցում են կատարում գազի:
Սմբատ Գրիգորյան


























