Ցանկացած քաղաքական կուսակցություն պետք է ձգտի նրան, որ հասնի իշխանության, հետեւաբար, լրիվ օրինաչափ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է իր կուսակցությանը հաղթող տեսնել հերթական համապետական ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, թե առաջիկա հանրապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք ՔԱդամյան փողոցը (այստեղ է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը-խմբ):
Պողոսյանի խոսքով՝ դա ոչ միայն ԲՀԿ-ի ցանկությունն է, դրան ձգտում է եւ «ժառանգությունը», եւ ՀԱԿ-ը, եւ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ մյուս քաղաքական ուժերը: «Մենք բոլորս էլ հաղթանակի ենք ձգտելու հաջորդ համապետական ընտրություններում»,-ասել է նա:
Թեւան Պողոսյանը նաեւ ընդգծել է, որ ի վերջո, ընտրությունը կատարում է ժողովուրդը՝ իր նախընտրությունը տալով այս կամ այն կուսակցության ծրագրին:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ առաջիկա տասը տարում ՀՀԿ-ն իր կազմակերպվածությամբ եւ քաղաքական ռեսուրսով կշարունակի գլխավորել քաղաքական կյանքը: «Իր հայտարարության մեջ ՀՀ նախագահը հստակ ընդգծեց, որ այն մարդիկ, որոնք իրենց տեսնում են պետության կառավարման վերին էշելոններում, մեկ ուղի ունեն՝ ՀՀԿ-ն: Եթե որեւէ մեկը հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք Ադամյան փողոցով»:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի եւ խորհրդարանական խմբակցության համատեղ նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսից ոչ մի փոփոխություն չի լինի: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք Ադամյան փողոցը:


























