Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը կուտակայինի վերաբերյալ Հայաստանի վարչապետին ներկայացված առաջարկները «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հետ չեն քննարկել: Այս մասին NEWS.am-ին ասաց «Դեմ եմ»-ի անդամ Լեւոն Հարությունյանը:

«Մեզ հետ չի քննարկվել, սակայն չեմ էլ կարծում, որ պետք է քննարկվեր: Իրենք քաղաքական ուժ են, մենք քաղաքացիական: Անհրաժեշտություն չկար մեզ հետ քննարկելու»,- ասաց նա:

Չնայած քառյակը չի քննարկել նախաձեռնության հետ, ներկայացված պահանջները մեծ մասամբ համապատասխանում են «Դեմ եմ»-ի պահանջներին:

«Այստեղ ընդամենը մեկ կետ կա, որի հետ մենք համաձայն չենք: Դա ֆոնդերին փոխանցված գումարների կետն է: Քառյակը գրել է, թե դրան կանդրադառնա օրենքի քննարկման հաջորդ փուլում, իսկ մենք ցանկանում ենք, որ հիմա վերահաշվարկ արվի եւ գումարները վերադարձվի»,- նշեց Լեւոնը:

Թե ինչ ակնկալիքներ ունի «Դեմ եմ»-ը քառյակից, Լեւոնը պատասխանեց. «Թիմի անունից չեմ կարող խոսել, բայց ինքս կառավարությունից այլեւս ոչինչ չեմ ակնկալում, հատկապես որ ամեն ինչ այնքան արագ է փոխվում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քառյակը մայիսի 6-ին իր առաջարկներն է ներկայացրել վարչապետին: Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, թե իրենք ներկայացնում են այն առաջարկները, որոնք «Դեմ եմ»-ի սրտով են: