Հաքերները գողացել են Ֆրանսիայի խոշորագույն բջջային օպերատորի՝ Orange-ի, 1,3 մլն բաժանորդների անհատական տվյալները: Խոսքը, մասնավորապես, անձնագրային տվյալների, հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի հասցեների մասին է, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ընկերության աղբյուրները:

Հարձակումը կատարվել է դեռեւս ապրիլի 18-ին, ընդ որում դրա մասշտաբները չէին բացահայտվում: Սկզբում Orange-ի ներկայացուցիչները նշել էին, որ արտահոսքը վերաբերվել է «մի քանի տասնյակ հազար» բաժանորդների:

Բոլոր բաժանորդներին փոստով ծանուցումներ են ուղարկվել՝ խնդրելով զգոնություն ցուցաբերել եւ ոչ մի գաղտնի տվյալ ինտերնետի միջոցով չհայտնել՝ մասնավորապես բանկային հաշիվների համարներն ու դրանց գաղտնաբառերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։