Ադրբեջանը, որը մայիսի 14-ից նախագահելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, արդեն իր պայմաններն է ներկայացնում կազմակերպությանը:
ԱՊԱ-ն հայտնում է, որ նախօրեին այդ երկրի արդարադատության նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 124-րդ նիստում: Ավանդույթի համաձայն՝ այս անգամ էլ բարձր ամբիոնը մեղադրանքների եւ շանտաժի հարթակ է դարձել:
Անմիջական առիթ է հանդիսացել գլխավոր քարտուղարի «Մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության վիճակը Եվրոպայում» թեմայով զեկույցը: Փաստաթուղթը մեկնաբանելով՝ Մամեդյարովն ասել է. «Զեկույցն արտացոլում է Ադրբեջանի կողմից ընդունելի դիրքորոշումը եւ հնարավոր միջոցներ է առաջարկում թերությունների վերացման համար: Չնայած դրան, հարկ եմ համարում ընդգծել շատ կարեւոր մի հարց, որին հատուկ ուշադրություն է անհրաժեշտ: Զեկույցն ընդգծում է հակամարտության գոտիներում ԵԽ վերահսկողության մեխանիզմի ուժեղացման անհրաժեշտությունը՝ այդ տարածաշրջաններ այցերից հետո հաշվետվությունների ընթացակարգերի միջոցով: Այս դրույթը, որը հակասում է համապատասխան անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը, կարող է հանգեցնել մի իրավիճակի, որը հեշտությամբ կօգտագործվի կամ կշահարկվի: Հենց այդ պատճառով, նման նուրբ հարցերում, որոնք կարող են բարդացնել կարգավորման գործընթացը, մենք պետք է խիստ զգույշ լինենք»:
Նախարարի խոսքով՝ ԵԽ ներկայացուցիչների այցերը կարող են կատարվել միայն համապատասխան պետության թույլտվությամբ:
«Հակառակ պարագայում այդ այցերը կհակասեն միջազգային իրավունքի նորմերին եւ կգնահատվեն որպես անօրինական»:
Այլ խոսքով, Ադրբեջանը, որը ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո ԼՂ-ի վրա ազդելու լծակներ չունի, փորձում է շանտաժի ենթարկել ԵԽ-ին: Փոխանակ շահագրգռված լինի իրական կարգավորման հարցում, Բաքուն շարունակում է կամակորությունը եւ մեղադրում բոլորին: Ի դեպ, ադրբեջանցի նախարարն ինչպես միշտ համատեքստից առանձնացրել է երեք սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժ չկիրառելը Ադրբեջանին հաճո չեն: Եվ բնական է, հենց Ադրբեջանում են հրաժարվում վստահության մթնոլորտ ստեղծել, անդադար «լրտեսների» են որսում, հրաժարվում են հեռացնել դիպուկահարներին եւ ամեն տեսակ սադրանքների դիմում:


























