Հայաստանի համապետական ընտրությունների արդյունքները եւ հաղթանակը ժողովրդի որոշելիքն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման հայտարարությամբ է հանդես եկել «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն, որ առաջիկա համապետական ընտրություններին հաղթանակն այս անգամ շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը (որտեղ ՀՀԿ կենտրոնական գրասենյակն է գտնվում - խմբ.):
«Մենք ըմբռնումով ենք մոտենում Ծառուկյանի հայտարարությանը: Ի վերջո, քանի որ ժողովուրդն է որոշում` ինչպես են անցնելու ընտրությունները, հաղթանակը կարող է նաեւ Աբովյան 43-ով անցնել (ՕԵԿ կենտրոնական գրասենյակ – խմբ.)»,- նշել է Մհեր Շահգելդյանը:
Հիշեցնենք` մաիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի եւ խորհրդարանական խմբակցության համատեղ նիստին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցության քաղաքական կուրսը փոփոխություններ չի կրելու եւ համոզմունք էր հայտնել, որ առաջիկա համապետական ընտրություններին հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:
Նշենք, որ հիշյալ թեմայի շուրջ «բանավեճը» խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից էր սկսվել: Նա խորհուրդ էր տվել բոլոր նրանց, ովքեր քաղաքական գծով առաջ ընթանալու ցանկություն ունեն, միայն ՀՀԿ-ի հետ գործ ունենալ:


























