Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, օրերս Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում մասնակցել են այս տարվա ապրիլի 1-ից նշված տարածքում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դոնորական աջակցությամբ մեկնարկած ականազերծման աշխատանքների մոնիտորինգին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, ո ականազերծման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքներում` «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության  կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա` «ՀԱԼՕ Թրաստ» (HALO Trust) միջազգային կազմակերպության եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի 21 ականազերծողների աջակցությամբ եւ տեւելու են մեկ տարուց ավելի` հետագայում շարունակություն ստանալու հեռանկարով:  Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաեւ աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին եւ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանին ներկայացվեց տվյալ տարածաշրջանում ականային վտանգների, դրանց մասին հանրային իրազեկման մեխանիզմների եւ ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը բարձր գնահատեց «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համակարգմամբ եւ ՀՀ ԶՈՒ ականազերծողների ու միջազգային աջակցությամբ իրականացվող ականազերծման աշխատանքները, նշելով, որ սա անցյալ տարի իրականացված ականազերծման աշխատանքներից եւ ականային վտանգներից զերծ տարածքների հավաստագրումից հետո ՊՈԱԿ-ի առաջին համատեղ միջազգային նախագիծն է: Դավիթ Տոնոյանը հույս հայտնեց իրականացվող աշխատանքների շարունակականության ապահովման ու ՀՀ ականավտանգ տարածքների վերջնական ականազերծման վերաբերյալ: ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի կողմից եւս կարեւորվեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ականազերծման աշխատանքների իրականացումը եւ բնակիչների համար անվտանգ տարածքների ապահովումը:

Այցի ավարտին ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքում Սրաշենի տարածքում հայտնաբերված առաջին ականի պայթեցումն իրականացվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի կողմից` ի նշան արդյունավետ համագործակցության: