«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտ չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
NEWS.am-ի հետ զրույցում ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից նույնպես հերքեցին տեղեկությունը՝ նշելով այս պահին հայտ ներկայացնելու որոշում եւ ծրագիր չկա:
«Մենք առեւտրային ընկերություն ենք եւ բնականաբար շահույթ պետք է ունենանք, սակայն այս պահին վնասով ենք աշխատում»,- ավելացրին մամուլի ծառայությունից:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր. «Մեր տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով։ Ըստ այդ տեղեկությունների՝ սակագինը կարող է գործող 38 դրամից հասնել 45-ի»։


























