Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը համոզված է, որ շրջանառության հարկը հանվելու է։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

«Շրջանառության հարկը մինչեւ 10 մլն զրո է դառնում, իսկ մինչեւ 53՝ մեկ տոկոս։ Համոզված եմ, որ քիչ ա, Հովիկ Աբրահամյանն էլ ա համոզված, որ 10 քիչ ա, պետք է 30 միլիոնը զրոյացվի։ Համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է։ Եկեք միասին հաշվենք, շրջանառության հարկի վերաբերյալ հաշվետվություն է տալիս հիսուներեք հազարը։ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարել է, որ իր համար կարեւորը քաղաքացին ա, ավելի լավ ա քսան միլիարդը բյուջե չբերեմ, բայց պետք է փաստաթուղթ տեսնեմ։ Սա նշանակում է, որ խոշորին պետք է բերել հարկային դաշտ։ Իսկ երբ մանրին հարկից զրկում ես, ապա այլեւս ստվեր չի մտնում»,- ասաց նա։

Անահիտ Բախշյանի հարցին՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ Հովիկ Աբրահամյանն այս օրենքով հարվածում է իր խնամիների եւ բարեկամների գրպաններին՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Եթե այս օրենքը չընդունեն, ուրեմն դուք ճիշտ եք, իսկ եթե այդպես եղավ, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից»։