2014 թ. ծիրանի բերքը Հայաստանում աղետալի կլինի՝ 8 հազար տոննա՝ 2013թ. 89 հազարի դիմաց: Այս մասին մայիսի 7-ին լրագրողներին ասել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ հայտնելով մարտի 30-31-ին հանրապետությունում գրանցված ցրտահարությունների հետեւանքով հասցված վնասի չափը:
Ցրտահարություններից հիմնականում տուժել են Արարատի եւ Արմավիրի մարզերը, ինչպես նաեւ նախալեռնային ստորին հատվածները: Ծիրանի բերքը պահպանվել է Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում: Հանրապետությունում տարբեր աստիճանի տուժել են 6700 հա ծիրանի այգիներ՝ 8900 հա պտղատու այգիներից: «Բերքի հետ կապված բարդություններ կարող են ունենալ ինչպես արտահանողները, այնպես էլ վերամշակող կազմակերպությունները», - նշել է Պետրոսյանը:


























