Հայաստանում մարտյան ցրտահարությունների վնասը կազմել է մոտ 11,18 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար): Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս կամ այն աստիճանով վնասվել են մոտ 9,2 հազար հեկտար այգիներ: մասնավորապես, տուժել են 6700 հա ծիրանի այգիներ (8900 հա պտղաբեր այգիներից) եւ 862 հա դեղձի այգիներ (4354 հա պտղաբերից):
«Այս այգիները տարբեր չափով են տուժել, ոչ բոլորի դեպքում է 100%», - նշել է Պետրոսյանը:
Նա նշել է, որ եղանակային ռիսկերն Արարատյան դաշտում կպահպանվեն մինչեւ հունիսի 15–ը:
«Այդքան է այնտեղ ձգվում կարկուտի հավանականության շրջանը: Բարձրլեռնային տեղանքում՝ ավելի երկար», - հավելել է նա:
Պետական աջակցության շրջանակում 287 գյուղի 3700 գյուղացու փոխարեն ամբողջությամբ կվճարվի հողի հարկը (ընդհանուր 278 մլն դրամ) եւ կիսով չափ ոռոգման ջրի հարկը (487 մլն դրամ): Եվս 85 միլիոնի բանջարաբոստանային մշակաբույսերի տնկիներ կտրվեն: Բացի այդ, համատեղ ծրագրի շրջանակում գյուղատնտեսության եւ աշխատանքի նախարարությունները կստանան 160 մլն դրամ՝ տուժած գյուղացիներին վճարելու համար, ինչը որոշ չափով կփոխհատուցի բերքից ստացված եկամտի կորուստը:


























