Գյուղատնտեսական ապահովագրությունը  Հայաստանի գյուղացիների համար ոգեւորող չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: 

Նա նշել է, որ նախարարությունը բանակցություններ է վարում «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության հետ, սակայն սկզբնական շրջանում ապահովագրությունը նախատեսվում է կիրառել նվազագույն ռիսկային բնագավառում՝ անասնաբուծությունում: 

Ինչ վերաբերում է բուսաբուծությանը, ապա ամենամյա կորուստները կազմում են 55 միլիարդ դրամ (133 միլիոն դոլար): Մեկ հա-ի հաշվարկով՝ դրանք կազմում են  200 եւ 247 հազար դրամ Արարատյան դաշտավայրի համար (Արարատի եւ Արմավիրի մարզերում՝ համապատասխանաբար): «Նույնիսկ եթե պետությունը վճարի կեսն իր վրա վերցնի, գյուղատնտեսը մեկ հա-ից տարեկան 100-120 հազար դրամ ապահովագրական վճարումներ չի կարողանա անել», - հայտարարել է Պետրոսյանը: