Ադրբեջանցի խորհրդարանականները որոշել են վերջնականապես պաշտպանել իրենց անցանկալի մամուլից՝ միաժամանակ նաեւ ընտրողներից:

«Մեծ ադրբեջանական պատի» կառուցման գործում հերթական քայլը խորհրդարանի պատերի ներսում չափից ավել քննադատող լրագրողների աշխատանքի արգելքն է: Այս անգամ ադրբեջանցի «ժողովրդական ընտրյալների» զոհը ANS հեռուստաալիքի թղթակից Լյաման Ալաշրաֆգիզին է:

«Haqqin.az»-ի հետ զրույցում Միլի Մեջլիսի աշխատակազմի ղեկավար Սաֆա Միրզոեւը հայտարարել է, որ ANS հեռուստաալիքի ներկայացուցչի գործունեությունը կապված խորհրդարանի աշխատանքի լուսաբանման հետ որոշակի դժգոհություն է հարուցում: «Իհարկե, մենք դեմ չենք հեռուստաալիքին, դեմ ենք կոնկրետ լրագրողի, ով այստեղ որոշել է հանդես գալ որպես պապարացի, անձամբ ես տեղեկացրել եմ հեռուստաալիքի նախագահ Միրշահին Աղաեւին: Խորհրդարանն նրանց համար չէ, ովքեր դեղին մամուլ են ստեղծում, փառք Աստծո, նրանք մեզ մոտ բավական շատ էին, եւ մեզ հաջողվեց ազատվել նրանցից»,- ասել է նա:

Այն հարցին, թե կարող է արդյոք մեկ պատգամավորը քվեարկել մյուսի օգտին, Միրզոեւը նշել է, որ դա հակասում է Միլի Մեջլիսի ներքին կանոնադրությունը, սակայն լինում են դեպքեր, երբ գործով նիստերի դահլիճից դուրս է գալիս, խնդրում է ընկերոջը քվեարկել: «Ամեն ինչ հնարավոր է, պետք  չէ այստեղ այլ դրդապատճառ փնտրել: Որոշ լրագրողներ ցանկանում են դրանից աղմուկ բարձրացնել, ցույց տալ ծոծրակը քորող կամ քիթը քչփորող պատգամավորի: Խորհրդարանը դեղին մամուլի համար նյութեր որոնելու վայր չէ»,- ասել է նա: