Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, մայիսի 6-ին` ժամը 01:40-ի սահմաններում մահացած հայտնաբերված` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 30-ամյա Պավել Ալմազովին վերջին անգամ տեսել են դեպքի օրը` կեսգիշերին մոտ, հյուրանոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր կյանք» հիմնադրամի նախագահ Հայկ Առաքելյանը:
«Պավելը Հայաստանում ծանոթներ չի ունեցել, ոչ մեկի հետ ինքը չի շփվել, դա մեզ համար ուղղակի շոկ է, թե ոնց այսպիսի բան եղավ, այդ օրը բոլորս էլ իրեն 12-ի մոտ տեսել ենք հյուրանոցում»,-ասաց Հայկ Առաքելյանը:
Հայկ Առաքելյանը պատմեց, որ «Նոր կյանքը» Մոսկվայում գործող բարեգործական հիմնադրամ է, որը կազմակերպել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 2-6-ը «EXPROMPTUS» էստրադային նվագախմբի բարեգործական համերգները Հայաստանում։ Պավել Ալմազովը նվագախմբի կիթառահարների խմբի ղեկավարն էր։
«Պավելին անձամբ ճանաչում եմ կարճ ժամանակահատված, երեւի մի 15-20 օր, բայց այս ընթացքում շատ լավ տպավորություն է թողել, շատ լավ անձնավորություն, շատ լավ մարդ էր»,-ասաց հիմնադրամի նախագահը:
Նրա խոսքով` Պավելի վարքում բացարձակապես տարօրինակ բան չեն նկատել. «Եթե տարօրինակություն նկատեինք, կկանխեինք ինչ-որ բաներով, բայց մենք ոչ մի բան ոչ տեսել ենք, ոչ զգացել ենք, մինչեւ այդ դեպքը մենք համերգների ենք եղել»:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ գործի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռ շարունակվում է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։




























