Հայաստանի բնակիչների 63 տոկոսը ամենօրյա կյանքի հարկային բեռը «չափազանց ծանր» է համարում: Այս մասին են վկայում հարկային բարեփոխումների նախագծի (Tax Reform Project, TRP) շրջանակում USAID-ի կողմից իրականացված հարցման արդյունքները: Եւս 32 տոկոսն այն «ծանր» է համարում: «Ոչ ծանր» եւ «բոլորովին ոչ ծանր» գնահատականն է տվել բնակչության ընդամենը 5 տոկոսը:
Աշխատավարձից պահումները «չափազանց ծանր» եւ «ծանր» են որակել հարցվածների 88 տոկոսը: Նույն` 5 տոկոսի համոզմամբ, դրանք «ծանր չեն», իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել: «Բոլորովին ոչ ծանր» պատասխանով ոչ ոք հանդես չի եկել:
Գործարարության ոլորտում դժգոհողներն անհամեմատ քիչ են եղել, եւ որքան մեծ է բիզնեսը, այնքան հարկերի հանդեպ ավելի լիբերալ վերաբերմունք է արտահայտվել: Փոքր բիզնեսում հարկային բեռը «չափազանց ծանր» եւ «ծանր» են համարել հարցվածների 63 տոկոսը, իսկ «ոչ ծանր» ու «բոլորովին ոչ ծանր»` 21 տոկոսը: 16 տոկոսը դժվարացել են հարցին պատասխանել:
Միջին բիզնեսում արդեն դժգոհները 51 տոկոս են կազմել, լիարժեք եւ համեմատական գոհունակություն հայտնողները` 31 տոկոս: Եւս 18 տոկոսը դժվարացել են պատասխանել:
Վերջապես, խոշոր բիզնեսում հարկային բեռը «չափազանց ծանր» են համարել հարցվածների ընդամենը 7 տոկոսը: 12 տոկոսն այն ուղղակի «ծանր» են համարում, մինչ 24 տոկոսը` «ոչ ծանր» եւ 42 տոկոսը` «բոլորովին ոչ ծանր» պատասխաններն են տվել:
Նշենք, որ խոշոր բիզնեսի պարագայում դժգոհության ցածր տոկոսը կարող է նաեւ զգուշամտությամբ պայմանավորված լինել: Դեռեւս 2008թ. Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC Armenia) փորձագետները, որպես գործարարության ոլորտում անցկացվող հարցումների առանձնահատոկություն, «շրջապատում դժգոհ եմ, միայնակ` զգուշամիտ» սկզբունքն էին մատնանշել:
USAID-ի կազմակերպած հարցմանը 1448 տնային տնտեսություններ եւ 400 իրավաբանական անձինք են մասնակցել:


























