ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆֆը ողջունում է Կալիֆորնիայի օրենսդրական ժողովի կանոնակարգային հարցերով հանձնաժողովում կազմակերպված քվեարկությունը, որի արդյունքում ԼՂՀ ինքնորոշման իրավունքին եւ անկախությանը աջակցություն հայտնող բանաձեւի նախագիծ է ընդունվել, գրում է «Ասպարեզը»:

«Ես վաղուց արդեն աջակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ հիմա ողջունում եմ նահանգի Ասսամբլեայի կանոնակարգային հարցերով հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությանը աջակցություն հայտնող բանաձեւի նախագծի ընդունման փաստը: Ես ողջունում եմ Արցախի ժողովրդի` առանց ադրբեջանական ստիպողականության, իր ճակատագիրն ընտրելու իրավունքի նկատմամբ աջակցության արտահայտումը եւ Ասսամբլեային կոչ եմ անում անհապաղ հավանություն տալ բանաձեւին»,- նշել է Ադամ Շիֆֆն իր հայտարարությունում:

Հիշեցնենք` մայիսի 5-ին Կալիֆորնիայի խորհրդարանի կանոնակարգի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել բանաձեւի մի նախագծի, որով աջակցություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Հանձնաժողովը մասնավորապես աջակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի` որպես ազատ եւ անկախ պետություն, զարգացմանն ուղղված շարունակական ջանքերը եւ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ անում աջակցել հանրապետության ինքնորոշմանն  ու ժողովրդավարական անկախությանը: Խորհրդարանի անդամ Մայք Գատտոյի կողմից ներկայացված բանաձեւի նախագծին կողմ են արտահայտվել հանձնաժողովի 9 անդամներ: Հաջորդ քայլը նահանգի խորհրդարանի քվեարկությունն է լինելու, որ մայիսի 9-ին է նշանակված: Այդպիսով, Կալիֆորնիան կարող է միանալ Ռոդ-Այլենդ, Մեն, Մասաչուսեթս եւ Լուիզիանա նահանգներին, որոնք արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: