Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 7-ին այցելել է նախարարության համակարգի ընկերություններից երեքը, մասնավորապես «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ եւ «Էներգակարգաբերում» ՓԲԸ:   Նախարարը ծանոթացել է ընկերությունների աշխատակիցների հետ, տեղեկացել նրանց կողմից իրականցվող գործառույթներին:

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի տնօրեն Մնացական Մնացականյանը Երվանդ Զախարյանին ներկայացրել է SCADA/կապի համակարգը, որը էներգետիկ ոլորտում ներդրվել է դեռ 2010 թվականին եւ որի ներդրման շնորհիվ  էլեկտրաէներգետիկ համակարգի կառավարումը դարձել է ավելի  ճկուն եւ դյուրին: SCADA/կապի համակարգի հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է կատարել էլեկտրական հոսքերի վերաբաշխում` կորուստների նվազեցման նպատակով, օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, կատարել բեռի եւ էլեկտրաէներգիայի առավել ճշգրիտ կանխատեսումներ:

Տնօրենը ներկայացրել է նաեւ էներգահամակարգի հիմնական կարգավարական կենտրոնը, կարգավարական նոր էլեկտրոնային վահանակը, ինչպես նաեւ կապի կենտրոնական հանգույցը:

«Էներգակարգաբերում» ընկերության տնօրեն Ալբերտ Բաղդասարյանը նախարարին ներկայացրել է հանրապետությունում եզակի երեք լաբորատորիաների` քիմիական, յուղերի անալիզների, ինչպես նաեւ մետաղների ստուգման ու արտանշման լաբորատորիաների  գործունեությունը:

Երվանդ Զախարյանը հանդիպել է նաեւ նախարարության աշխատակազմի Ընդերքի տրամադրման գործակալության, Ընդերքի վարչության, Ընդերքի պետական տեսչության ու Էներգետիկայի պետական տեսչության աշխատակիցների հետ, ծանոթացել է նրանց աշխատանքային պայմաններին, նրանց կողմից իրականացվող գործառույթներին ու ծրագրերին: