ԼՂ հակամարտության կողմերն հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բեւեռացված չեն, իսկ խաղաղությունը հասանելի է: Այս մասին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, որ հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Նա մասնավորապես ասել է.

«Իմ ուղերձը ներկայացնում է ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Կողմերն հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բեւեռացված չեն: Մի շարք առիթներով նրանք գրեթե եկել են համաձայնության, վերջին նման դրվագն արձանագրվել է 2011թ.: Եվ ամեն անգամ ձախողված հերթական փուլից հետո, երբ անխուսափելիորեն կրկին նստել են բանակցային սեղանի շուրջ, հաջորդ «մեծ գաղափարի» կառուցվածքային տարրերը նման են եղել նախորդին:

Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը. եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են:

Երկու տասնամյակ սակայն խաղաղությունն անորսալի է եղել: Բոլոր կողմերի միջեւ անվստահություն կա միմյանց նկատմամբ, եւ Հայաստանում ու Ադրբեջանում հասակ է առել երիտասարդների  մի սերունդ, որոնք  միմյանց հետ անմիջական շփման հնարավորությունից զրկված են եղել: Շատերն են նշում, որ ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են, որ մի ժամական հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի ապրել են, ու տարաձայնությունները հարթելու համար զենք վերցնելու կարիք չի զգացվել:

Հայերի ու ադրբեջանցիների պարագայում կասկածից վեր է, որ համաձայնությունը բարգավաճման մի նոր դարաշրջան կբացի ողջ տարածաշրջանում: Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առեւտրի, ուղեւորությունների եւ իր բոլոր հարեւանների հետ կապերի նոր հնարավորություններից:

Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առեւտրային կենտրոն եւ անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար:

Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել  մեկուսացման ու կախվածության կապանքներից:

Խաղաղության համաձայնագիրը՝ պատշաճ կերպով մշակված ու իրականացված, վերջ կդնի նաեւ սահմանի ու շփման գծի երկայնքով մարդկային կորուստների  ողբերգական ու կայուն շարքին թե՛ զինվորական, թե՛  քաղաքացիական անձանց շրջանում: Թվերը դժվար է հստակ նշել, սակայն արդեն իսկ այս տարվա ընթացքում կրակագծում մեկ տասնյակից ավել մարդիկ զոհվել են, իսկ վիրավորվածների թիվը նույնիսկ ավելին է: Սա անընդունելի է:

Ոչ պակաս կարեւոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականության ու սպառազինությունների մրցավազքի արդյունքում կրում են պետական բյուջեները. դա խաղաղության շահաբաժինն է, որը առավել արդյունավետ օգտագործման դեպքում  ինքնին ի զորու է փոխել իրավիճակը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար:

Հաջորդ շաբաթ նշում ենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20 տարին: Թեպետ կարող ենք հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել բացահայտ պատերազմի վերսկսումից, սակայն պետք է նաեւ համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է ու երերուն:

Անվերջ բանակցություններ, բռնության պարբերական պոռթկումներ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվողների մեկուսացում, հուսահատություն Ադրբեջանում եւ վրդովմունք վերջինիս ներքին տեղահանվածների շրջանում. սա խաղաղության ու կայունության բաղադրատոմսը չէ, սա նաեւ բարգավաճման ուղին չէ»: