Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ռուսական բանակը ոչնչացրել կամ վնասել է Ուկրաինայի բոլոր հիմնական սուպերմարկետների ցանցերի («Սիլպո», ԱՏԲ, Novus, «Ֆորա») պահեստներն ու լոգիստիկ կենտրոնները։ Այս մասին The Guardian-ին հայտնել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության և սննդի նախարար Տարաս Վիսոցկին։ Նրա խոսքով՝ հարվածների այս ալիքը դարձել է «ամենամասշտաբայինը լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր»։ Հարվածների տակ են հայտնվել նաև դեղորայքի, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահեստները։
Հարվածների վերջին ալիքի հիմնական թիրախը դարձել է Կիևը, ինչի պատճառով բազմաթիվ սուպերմարկետների դարակաշարերը սկսել են դատարկվել, մայրաքաղաքից հայտնում է The Guardian-ի թղթակիցը։ Ռուսաստանը ցանկանում է «մեր կյանքը դարձնել սարսափելի ու անտանելի, և դա նրան հաջողվում է», թերթի հետ զրույցում դժգոհել է 68-ամյա թոշակառու Վալենտինա Սվեշնիկովան։
ԿՀՎ տնօրենի և Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների՝ վերջերս Մոսկվա կատարած այցերը միայն ամրապնդել են Վլադիրմիր Պուտինի վճռականությունը՝ ոչ միայն շարունակելու պատերազմը, այլև գնալու իրավիճակի հետագա սրման։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԱՏՕ-ի երկրների պաշտոնյաներին, հետախուզական աղբյուրներին և Կրեմլին մոտ կանգնած անձանց։ Նախորդ ձմռանը կազմակերպած «ցրտահարության» միջոցով արդյունքի չհասնելով՝ նա այժմ փորձում է էլ ավելի անտանելի դարձնել ուկրաինացի խաղաղ բնակիչների կյանքը։ Պուտինը հույս ունի, որ ձմռանը Կիևն առանց սննդի ու ջեռուցման թողնելով (ինչպես անում էին ֆաշիստները Լենինգրադի պաշարման ժամանակ)՝ կկարողանա մինչև գարուն զանգվածային դժգոհության ալիք բարձրացնել, ինչն էլ Ուկրաինայի իշխանություններին կստիպի գնալ զիջումների։
Ուկրաինայում սննդամթերքի գներն արդեն սկսել են աճել, թեև դա բացատրվում է ոչ այնքան ռուսական հարվածներով պայմանավորված դեֆիցիտով, որքան լոգիստիկ շղթաների վերակառուցման ծախսերով, նշում է GoodWine էլիտար ալկոհոլային ցանցին տիրապետող «Բյուրո վին» ընկերության համահիմնադիր Դմիտրի Կրիմսկին։ Կիևի մերձակայքում գտնվող նրա պահեստներից մեկը հարվածի տակ է հայտնվել սեպտեմբերի 1-ին․ վնասը գնահատվել է 4 միլիոն եվրո։





























