Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ունի «սեպ խրել» ասելով, որպեսզի հասարակական կազմակերպություններն ու քաղաքական գործիչները ճիշտ մեկնաբանեն այն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով դեսպանի հայտարարությանը, թե հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող հասարակական կազմակերպությունները պետք է չեզոքացնել

«Դեսպանը պետք է մեկնաբանի, թե ինչ նկատի ունի՝ ասելով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Երկու տարբերակ կա՝ կամ նա նկատի ունի հասարակական այն կազմակերպություններին, որոնք քննադատական վերաբերմունք ունեն Հայաստանի եւ այլ երկրների միջեւ հարաբերությունների մասին, կամ Վոլինկինը խոսել է այն կազմակերպությունների մասին, որոնք ռասիստական վերաբերմունք ունեն այլ երկրների նկատմամբ: Վերջին տարբերակում իհարկե պետք է դեսպանի հետ համաձայնվել, սակայն առաջին տարբերակը մեծ հարց է առաջացնում, հատկապես եթե խոսքը գնում է բերան փակելու մասին: Դա պարզապես անընդունելի է»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ նորմալ է, երբ քաղաքացիական հասարակությունը քննադատում է իշխանություններին, դատողություններ անում արտաքին քաղաքականության հետ կապված, սակայն անընդունելի է, երբ մեկ այլ երկրի դեսպան խառնվում է «քո ներքին կյանքին»:

«Անընդունելի է, երբ հատկապես դեսպանն իր պատասխանի մեջ հղում է անում իր իսկ երկրի օրենսդրությանը, որով ասվում է, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են այլ երկրների կողմից, դիօտվում են որպես օտարերկրյա գործակալներ եւ այստեղ հարց է առաջանում, որ հայկական այն հասարակական կազմակերպությունները, որոնք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար, պետք  դիտվեն որպես օտարերկրյա գործակալներ»,- ավելացրեց նա:

Բացի դրանից՝ Վոլինկինի հայտարարությունը կարող է ազդակ լինել հայերի համար այն համատեքստով, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը ներառում է նաեւ քաղաքական բաղադրիչներ:

«Սա նշանակում է, որ այս միությունը կարող է դուրս գալ տնտեսական շրջանից եւ այն բնույթ կրել, այսինքն եվրասիական ինտեգրացիոն գործընթացը կարող է զբաղվել երկրների ներքին քաղաքական կառուցվածքով, ավանդույթներով, օրենքներով, ապա սա արդեն անթույլատրելի զիջում է՝ հանուն ինչ-որ ինտենգրացիոն գործընթացների»,- նշեց Բորիս Նավասարդյանը:

Նշենք, որ Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մասնավորապես ասել էր .«Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»:

Դեսպանի այս հայտարարությունը հարուցել էր շատերի վրդովմունքը, մի քանի իրավապաշտպաններ կոչ էին արել դեսպանին անցանկալի անձ հայտարարել՝ Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու համար: