Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մայիսի 7-ին տեղի է ունեցել Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովը: Շվեյցարիա-ԱՊՀ առեւտրի միացյալ պալատի կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն է վեր հանել առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում` խթանելով գործընկերային կապերի հաստատումը եւ ամրապնդումը երկու երկրների մեջ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից համաժողովում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության, զբոսաշրջության խթանման եւ ավիացիայի ոլորտի ազատականացման գործողությունները, ինչպես նաեւ այս բնագավառներում երկկողմ համագործակցության խորացման, ներդրումների եւ նոր ավիափոխադրողների ներգրավման կարեւորությունը: Վերջինս հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքների առավել լայն եւ բովանդակային իրացման եւ ներդրումային գրավչության բարձրացման համար` միեւնույն ժամանակ որակապես նոր մակարդակի բերելով Հայաստանի կապակցվածությունը միջազգային շուկաների հետ:
Հաշվի առնելով Շվեյցարիայի՝ զբոսաշրջության արդյունքի զարգացման տեսանկյունից համաշխարհային առաջատար լինելու հանգամանքը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը աջակցել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների Հայաստան եւ Արցախ կատարած այցին: Մասնավորապես, այցի ընթացքում շվեյցարացի պատգամավորներին ներկայացվել է ՀԱՄՀ կողմից իրականացվող միջոցառումները, Տաթեւ զբոսաշրջային գոտին եւ պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ծնված Տաթեւ զբոսաշրջային գոտու զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվող սոցիալական պատասխանատու ձեռնարկատիրության ձեւաչափը:




























