Այսօր` մայիսի 6-ին Հայաստանի քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը կառավարության նիստում դժգոհել է քաղծառայողների նշանակման հարցում կոալիցիոն կառավարության անդամների եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարների «սուբյեկտիվ եւ կամայական մոտեցումից»:
«Ելնում են կուսակցական պատկանելության նկատառումներից միայն: Մեր կուսակցությունները, կարծեք թե, դառնում են աշխատանքի բորսաներ: Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասել՝ շատ քաղծառայողների դարձրել են այնպիսին, որոնք ամեն գրպանում տարբեր կուսակցության տոմս են կրում… Վաղը մենք ափսոսալու ենք այս երեւույթների համար»,- ասել է նա:
Մ. Բադալյանը հիշեցրել է, որ շատ երկրներում օրենքով արգելված է, որ քաղծառայողը լինի կուսակցական ու ընդգծել. «Պաշտոնյաները նրա համար չեն, որ քամահրանքով վերաբերվեն օրենքին եւ կարգին»:
«Ես որպես Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ անկախ, օրենքով ստեղծված մարմնի ղեկավար, առաջարկում, պահանջում եւ պնդում եմ` վերջ տալ այս կամայական եւ սուբյեկտիվ մոտեցումներին, որոնք ահագնանում են հատկապես վերջին շրջանում: Ես խոսքս ուղղում եմ մեր կոալիցիոն կառավարության ներկայացուցիչ նախարարներին: Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ է կատարվում, ինչպիսի թեկնածուներ են ձեզ առաջադրում, եւ դուք էլ ամեն գնով ուզում եք անցկացնել»,- ասել է նա:
Այս առնչությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել է. «Ես համոզված եմ, որ դուք կգտնվեք ձեր բարձրության վրա եւ օրենքով ձեզ տրված լիազորությունները ամբողջ ծավալով կիրացնեք, եւ թույլ չեք տա, որպեսզի լինեն միջամտություններ, օրենքի խախտումներ, կառավարության նորմատիվ ակտերի խախտումներ: Նաեւ հայտնում ենք ձեզ մեր աջակցությունը՝ ձեր առաքելությունը ամբողջությամբ ի կատար ածելու գործում»:



























