Վերահսկիչ պալատի աշխատակիցները Խոսրովի արգելոցի տարածքում հայտնաբերել են մի շարք խախտումներ:
Նախ եւ առաջ հայտնաբերել են մեղվաբուծական ընկերություն, որի գործունեությունն արգելելու համար դեռեւս 2004թ.-ին բնապահպանության նախարարությունը դիմել էր դատարան, սակայն դատարանը մերժել էր այն: Կողմերի միջեւ կնքվել էր հաշտության համաձայնագիր, որով մեղվաբուծարանին է թողնվել արգելոցի 1375 քմ մակերեսով հողատարածքը, սակայն տարածքի օգտագործման վերաբերյալ ոչ մի պայմանագիր չի կնքվել: Իսկ ՎՊ աշխատակիցները պարզել են, որ իրականում տնտեսվարողը 3-4 հա տարածք է զավթել ագելոցից, հիմնել եւ մշակում է պտղատու այգի, որով խախտել է օրենսդրությամբ նախատեսված արգելոցային ռեժիմը:
ՎՊ-ն արձանագրել է նաեւ, որ որոշ տեղերում մուտքն արգելոց ազատ է, եւ ցանկացած մարդ կարող է ազատ մուտք գործել այնտեղ:
Օրինակ՝ Գեղարդի վանական համալիրի հարակից կամրջով մուտքը դեպի «Խոսրովի անտառ» չի վերահսկվում, չի վերահսկվում ու սահմանափակվում նաեւ մարդկանց մուտքը դեպի արգելոցում գտնվող քարանձավներ, գետափնյա եւ այլ տարածքներ: Արդյունքում՝ ինչպես արգելոցում, այնպես էլ պահպանման գոտու տարածքում բազմաթիվ են կենցաղային եւ այլ թափոններով աղտոտման դեպքերը, սակայն համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում:




























