Եգիպտոսի իշխանությունները, որպես երկրի տնտեսության կայունացման ժամանակավոր միջոց, հատուկ հարկային հավաքագրում են սահմանել, որ միայն տարեկան նվազագույնը մեկ միլիոն եգիպտական ֆունտ (142 հազար ԱՄՆ դոլար) եկամուտ ունեցող անձանց կառնչվի: Հարկային դրույքաչափը 5 տոկոս է կազմելու, սակայն նախքան ուժի մեջ մտնելն այն պետք է երկրի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի հավանությունը ստանա:
Միլիոնատերների հարկումից ստացված միջոցները իշխանությունները մտադիր են Եգիպտոսի տարբեր քաղաքներում եւ ռեգիոններում սոցիալական, կրթական, բնակտարածքային եւ ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ բժշկության ու առողջապահության զարգացմանն ուղղել, հաղորդում է RussiaToday-ը:
Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ հարկատուն կարող է իր եկամուտների 5 տոկոսը անհրաժեշտ նախագծերին անձամբ ուղղել:
2011թ. հեղափոխությունից եւ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսի տնտեսությունը լուրջ ճգնաժամ է ապրում: Առավել նշանակալի խնդիրները զբոսաշրջության ոլորտում են դրսեւորվում. զանգավածային անկարգությունների եւ շարունակվող լարվածության ֆոնին արտասահմանցիները չեն ցանկանում եգպտական հանգստավայրեր մեկնել, ինչը նախկինում երկրի եկամտի հիմնական աղբյուրներից մեկն էր հանդիսանում:
85 մլն բնակչությամբ երկրի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 14 տոկոսն է կազմում: Բազմաթիվ տարեկան սուբսիդիաները բյուջեի հինգերորդ մասն են կազմում, սակայն դրանց կրճատումը նոր դժգոհություններով եւ բողոքի ակցիաներով է սպառնում:



























