Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության  գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում, վարչապետը գոհունակություն է հայտնել ֆրանսիական ընկերության կողմից մեր երկրում իրականացվող աշխատանքների ընթացքից: ««Սաուր» ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է, քանի որ այս բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, ավելացել է ջրամատակարարման ժամանակացույցը, բարձրացել է ջրի ախտահանման տոկոսը եւ այլն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Ժերոմ Լե Կոնտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Ֆրանսիական  ընկերության  գործադիր նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում մեր երկրում ներդրվելու է ջրամատակարարման ցանցի վերահսկման բարձրակարգ համակարգ, աշխատանքներ են տարվում հեռակառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, ինչպիսին գործում է Ֆրանսիայում: Մշակվում են նաեւ այլ նոր ծրագրեր:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է «Սաուր» ընկերության  կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը եւ հայտնել կառավարության աջակցությունը դրանց հաջողությամբ իրականացնելու գործում: