Հայաստանի ժողովրդագրական ռեսուրսները չեն բավարարի կենսաթոշակային հին մոդելի սպասարկմանը , մայիսի 12-ին  ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

Ըստ նրա՝ չի կարելի հաշվի չառնել այն, որ Հայաստանի ժողովրդագրական ռեսուրսները՝ ոչ ներկա, ոչ էլ ապագա,  չեն բավարարի կենսաթոշակային ներկայիս համակարգի կյանքի երկարացմանը՝ սերունդների համերաշխության սկզբունքով: Սրանից էլ պետք է բխի  բարեփոխումների տրամաբանությունը:

Հիշեցնենք, որ օրինագծում առաջարկվող միջոցները ժամանակավորապես են կիրառվում, մինչեւ նոր օրենսդրության ընդունումը` ըստ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի  վճռի: Օրենքների վերջնական փաթեթը պետք է ընդունվի մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այսպիսով, Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ժամանակավորապես կվերածվի կամավորի: