Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 11-ին այցելել է Կոտայքի մարզի Թեղենիք համայնք: ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին եւ հետեւել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից թրթուրների տարածման ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:
Սերգո Կարապետյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում եւ նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի համայնքներին անհատույց հատկացրել է «Ցիպեր մաքսի» բույսերի պաշտպանության միջոցը:
«Պետական բյուջով օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար միջոցներ չեն նախատեսվում, սակայն, հաշվի առնելով իրավիճակը, գյուղատնտեսության նախարարությունն օժանդակում է գյուղացիական տնտեսություններին՝ տրամադրելով թունաքիմիկատ եւ սրսկիչ մեքենաներ»,- նշել է նախարարը:
ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարարին տեղեկացրել է, որ գյուղացիական տնտեսություններին անհատույց կտրամադրվեն դիզելային վառելանյութ՝ պայքարի միջոցառումներն իրականացնելու համար:
Այնուհետեւ նախարարը հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Կոտայքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ Կոտայքի մարզպետարանի մասնագետների հետ: Սերգո Կարապետյանը հանձնարարել է ամենօրյա աշխատանք կատարել եւ իրավիճակի մասին տեղեկատվություն տրամադրել նախարարությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաեւ նշել է, որ պայքարի միջոցառումները պետք է ավարտվեն սեղմ ժամկետներում:




























