ԱԺ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով է աշխատելու: Այս մասին մայիսին 12-ին լրագրողների հետ զրույցին հայտնել է հանձնաժողովի անդամ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, հավելելով, որ կառույցի գործունեության ժամկետը ընթացիկ տարվա հունիս ամսին կավարտվի:

Նրա խոսքով, աշխատանքի ամենօրյա ռեժիմի արդյունքում հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու կարիք չի լինի: Ներկա պահին, ՕԵԿ-ի` իշխանական կոալիցիան լքելու եւ իրեն ընդդիմություն հռչակելու հետեւանքով կառույցի անդամների ձայների հարաբերակցության առնչությամբ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել:

Նիստի ընթացքում ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար է ընտրվել ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով հաղորդել է, որ ձայների հարաբերակցության հարցը դեռեւս քննարկվում է: «Հանձնաժողովը քաղաքական հավասարակշռության սկզբունքով է աշխատում: Այսինքն` անդամներից հինգը իշխանության ներկայացուցիչներն են, հինգը` ընդդիմադիրներ: Սակայն «Օրինաց երկրի»` ընդդիմադիր ճամբար տեղափոխվելուց հետո հիշյալ սկզբունքը խախտվել է»: Այսօրվա նիստի ընթացքում նաեւ հանձնաժողովի աշխատանքին փորձագետներ ներառելու հարցն է քննարկվել:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախկին ղեկավարը` ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է նշանակվել: